News

...

Բանավիճում են ակտիվիստները

      Սեպտեմբերի 19-ին` Քաղաքացիական հասարակության օրը,  «Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնը» հրավեր էր ստացել մասնակցելու` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից կազմակերպած`«Քաղաքականացված երիտասարդության գործունեության արդյունավետությունը» թեմայով բանավեճ-քննարկմանը:
       Հրավիրվածների թվում քաղաքացիական հասարակությունը ներկայացնում էին` «Սերունդ ՀԵԿ-ի», «BlogNews» լրատվական նախագծի եւ «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» Facebook-յան նախաձեռնության ներկայացուցիչները, քաղակական կուսակցություններից ներկա էին ՀԱԿ եւ Ժառանգություն կուսակցությունների ներկայացուցիչները:
Քննարկմանը ներկա չին ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչները, մի տեսակ տարօրինակ է` այդքան մեծաթիվ հետեւորդներ ունեցող կուսակցություններում մի ներկայացուցիչ այդպես էլ չգտնվեց, որ գա եւ մասնակցի բանակցությանը:  
   
Ներկաները կիսվեցին իրենց տեսակետներով, այնուհետեւ հարց ու պատասխանի միջոցով փորձեցին հասկանալ, թե արդյո՞ք արդյունավետ է քաղաքականացված երիտասարդության գործունեությունը, ո՞ր սեկտորի գործունեությունն է առավել կարեւոր եւ ո՞ւմ է պատկանում որոշումներ կայացնելու վճռորոշ դերը:

        Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, որտեղ ժողովուրդն է ընտրում իր պետության ղեկավար մարմիններին, ժողովրդի կարծիքն էլ պետք է հաշվի առնվի յուրաքանչյուր գործընթացում: Այլ բան է, թե իրականում ինչպես են զարգանում իրադարձությունները Հայաստանում: Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է, բոլորը տեսնում են, որ կա խնդիր, որ քաղաքացիական հասարակության ձայնը մի տեսակ դժվար է հասնում քաղաքական օղակների ականջին: Կլինի դա Թեղուտի անտառ, Մաշտոցի պուրակ, Հարսնաքարի դեպք կամ այլ անհամաձայնություն: Մի տեսակ տարօրինակ է, որ իր իսկ ընտրած իշխանությանն անհամաձայնություն հայտնելու համար` քաղաքացիական հասարակությունը ստիպված է տարբեր ակցիաներ կազմակերպել, տարբեր դժվարություններ հաղթահարել, որպեսզի, վերջիվերջո, իր ձայնը լսելի դառնա:
      Կարծիք հնչեց, որ կուսակցության ցանկացած ներկայացուցիչ, լինելով քաղաքացի, քաղաքացիական հասարակության մաս է կազմում եւ  իր պարտականությունների մեջ է մտնում համագործակցել հասարակական սեկտորի հետ: Սակայն դա չի նշանակում, որ կուսակցությունն ինքը չի կարող վեր հանել քաղաքացիական կամ հասարակական խնդիրներ:
Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչն առաջարկեց կուսակցություններին օգտագործել որպես գործիք` խնդիրներ լուծելու համար:
      Սակայն, հարկ է նշել, որ ոչ բոլոր կուսակցություններն են սերտորեն համագործակցում հասարակական սեկտորի հետ: Եւ, եթե օրինակ որեւէ հասարակական կազմակերպություն համագործակցում է որեւէ կուսակցության հետ, ապա կարծիք է ձեւավորվում, թե այն հարում է այդ կուսակցությանը, կուսակցությունն, իր հերթին, կարծում է, թե այդ ՀԿ-ի անդամները պարտավոր են ասենք ընտրություններին իրենց ձայնը տալ նրանց:
Այսինքն, ստացվում է, որ պետք է լինի փոխգործակցություն, սակայն, հանգամանքների բերումով, դրանից այդպես էլ ոչինչ դուրս չի գալիս...
    Ինչեւէ, ինչպես յուրաքանչյուր բանավեճ-քննարկում, այնպես էլ այս մեկը միտում ուներ  անհատին մտորելու եւ սեփական պատասխանները գտնելու առիթ տալ: 
                                                                                                           Ջեննի Կազումյան

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.