Սույն թվականի մայիսի 21-ին Գյումրու Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության գրասենյակում անցկացվեց ՌԳՄԿ կից գործող Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղի առաջին խմբի հերթական վարպետաց դասը: Վերջինս վարում էր ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակատեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ի.գ.թ., դոցենտ Մանուկ Մուրադյանը՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կառուցվածքը սահմանադրական փոփոխությունների ներքո թեմայով:
Վարպետաց դասի առաջին մասում փորձագետը ներկայացրեց, թե ինչ են իրենցից ներկայացնում իրավունք և օրենք հասկացությունները, որն է նրանց միջև տարբերությունը, տարանջատեց օրենքի նյութական և ձևական իմաստները, ներկայացրեց նաև լեգիզմ և ազատական իրավական տեսություն հասկացությունները, նրանց տարբերությունները:
Մանրամասն ներկայացվեց լիազորման և թույլատրելիության ռեժիմները, նորմատիվ, անհատական, վարչական ակտերը, դրանց բնութագիրը: Փորձագետը անդրադարձ կատարելով թեմայի բուն նպատակին՝ համեմատականներ անցկացրեց 2005 և 2015թթ-ին տեղի ունեցած ՀՀ սահմանադրական բարեփոխումների միջև, հստակ ներկայացրեց 2-րդ և 3-րդ գլուխներում տեղ գտած փոփոխությունները և այդ փոփոխությունների հիմքերը:
Վարպետաց դասի երկրորդ մասում փորձագետը ունկնդիրներին ներկայացրեց Վարչարարության հասկացությունը, սկզբունքները և ձևերը թեման: Նախ փորձագետը նշեց, որ վարչարարությունը լինում է ներքին (կապ չունի վարչական մարմին-քաղաքացի հարաբերությունների հետ) և արտաքին: Համաձայն ՎՀՎՎ մասին օրենքի հստակ ներկայացվեց վարչարարական վարույթի հիմուքները՝ տարանջատելով վարչական, ռեալ, իրավաստեղծ վարույթները, ինչպես նաև տալով դրանց հիմնական բնութագրերը, դրանց էությունը, դրանցից բխող հետևանքները: ՎՀՎՎՕ հոդված 14-ի շրջանակներում ներկայացվեց վարչարարության համապարփակ՝ վարչարարության օրինականությունը և ձևական պահանջները չարաշահելու սկզբունքները և մասնակի՝ օրինականության, ձևական պահանջի, կամայականության արգելքի, համաչափության, առավելագույնի, հավաստիության և տնտեսվարության սկզբունքները: Վարպետաց դասն ավարտվեց վերոնշյալ թեմաների շուրջ առաջադրված խնդիրների ակտիվ քննարկմամբ: