ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցում հերթական վարպետաց դասը տեղի ունեցավ Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարեց Ակադեմիքս Թիմ (Akademix Team) բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր Լիլիթ Ճուղուրյանը, ով ներկայացրեց «Նեյրոմարքետինգ» թեման:
Հանդիպման առաջին հատվածում փորձագետը մասնակիցներին ներկայացրեց նեյրոմարքետինգի էությունը, կիրառման անհրաժեշտությունը, տեսության զարգացման պատմական ակնարկը: Հանդիպման երկրորդ հատվածում պրակտիկ ձևաչափով, լայնէկրան սլայդ-ցուցադրությամբ փորձագետը ներկայացրեց նեյրոմարքետինգային հետազոտությունների հիմնական տեսակները, առանձնահատկությունները, նեյրոմարքետինգի կիրառման ոլորտները: Միջազգային բրենդների իրավիճակային դեպքերի և մարքետինգային վերլուծությունների միջոցով մասնակիցները ծանոթացան “Eye tracking” սարքի միջոցով նեյրոմարքետինգային հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին:
Մասնակիցներին չափազանց հետաքրքրեց eye tracking տեսողական վերլուծության, տեսողական ուղղությունների չափման, տեսողական հետաքրքրվածության և ուշադրության ֆիքսման սարքը՝ որպես նորարարական տեխնոլոգիական քայլ մարքետինգային հետազոտությունների ոլորտում: Գործնական մի շարք խնդիրների միջոցով մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ դիտարկվեցին բրենդինգի, ռեբրենդինգի, ապրանքի դիզայնի և փաթեթավորման մշակման, գնահատման, տպագիր գովազդային նյութերի, հեռուստագովազդի, արտաքին գովազդային վահանակների դեպքեր: Փորձագետը լրացուցիչ ներկայացրեց գնորդների վարքագծային առանձնահատկությունները՝ հանրախանութների, բրենդային վաճառակետերի, սուպերմարկետների մերչենդայզինգի, առանձին բաժինների կատեգորիայի ապրանքների վաճառքի խթանման իրավիճակային դեպքերով: Վարպետաց դասի վերջում, գործնական խնդիրների հիման վրա վերլուծվեցին տպագիր գովազդային նյութերի, արտաքին գովազդի, կորպորատիվ կոմերցիոն հոլովակների իրավիճակային դեպքեր՝ համաձայն գովազդի պատրաստման և գնահատման կանոնների: