«Փաստարկների արդյունավետ կիրառման հմտություններ» թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի ութերորդ խմբում անցկացվեց սույն թվականի հոկտեմբերի 10-ին: Դասընթացը վարեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը:
Փորձագետը նշեց, որ փաստարկները կազմված են երեք հիմնական տարրերից` հայտարարություն, որը փաստարկ ներկայացնող պնդումն է, որով նա ցանկանում է համոզել լսողներին, ապա աջակցում` հայտարարության լրացում և ամենավերջում` հիմնավորում, որը փաստարկի կառուցվածքում գաղափարների հավաքածուն է:
Փաստարկների ստեղծման համար նախ և առաջ անհրաժեշտ է որոշ վավերապայմանների առկայություն՝ նախ թեզի առաջադրում, ապա բացատրություն, ապացուցում և, ի վերջո, թեզի ամփոփում։ Միևնույն տրամաբանական շղթան, սակայն, կարող է ներկայացված լինել մեկ այլ տարբերակով՝ թեզի ներկայացում (հիմնական միտք, մտահաղացում), տվյալ մտքի բացահայտում և նաև ապացուցում (հիմնավորում և քննարկում): Շատ կարևոր է ապացուցման ընթացքում նաև հիշել, որ փաստարկները պետք է լինեն ճշմարիտ դատողություններ և ինքնուրույն ապացուցված` անկախ թեզից, ինչպես նաև բավարար և հիմնավոր թեզի համար:
Թիմային ակտիվ քննարկումներին հաջորդեցին երկու «Մտքերի մենամարտերը», հետևյալ թեմաներով` Էվթանազիա և մահապատիժ: Ներկայացված թեմաների շուրջ մասնակցները փորձեցին ներկայացնել իրենց փաստարկներն ու հակափաստարկները՝ կիրառելով վարպետաց դասի ընթացքում ձեռք բերված հմտությունները: