Սույն թվականի մայիսի 14-ին Գյումրու Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին կից գործող Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղի բացումը: Ունկնդիրներին և տեղի փորձագետներին ողջունեցին ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը, Իրավագիտության դպրոցի փոխտնօրեն Դավիթ Բայրամյանը, Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կառլեն Գրեյանը:
Առաջին խմբի առաջին վարպետաց դասնը վարում էր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Մինաս Մուրադյանը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման առանձնահատկությունները ՀՀ-ում թեմայով:
Փորձագետը ներկայացրեց հարկադիր կատարման վարույթի մասին ընդհանուր դրույթները: Նշեց, որ ԴԱՀԿ-ն ապահովում է ՀՀ դատարանների դատական ակտերի (այդ թվում՝ միջազգային դատական ակտերի), ինչպես նաև անբողոքարկելի վարչական ակտերի, արբիտրաժային տրիբունալների վճիռների և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարումը: Հարկադիր կատարման մարմինը ապահովում է ՀՀ Արդարադատության նախարարության համակարգում գործող հատուկծ առայությունը:
Փորձագետը նշեց հարկադիր կատարման ենթակա ակտերի տեսակները, դրանց կատարման միջոցները, ներկայացրեց, թե ովքեր կարող են լինել կատարողական վարույթի կողմերը և մասնակցող անձինք՝
· Կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները,
· փորձագետներ,
· թարգմանիչներ,
· խնամակալության և հոգաբարձության մարմիններ:
Մինաս Մուրադյանը ներկայացրեց նաև կատարողական թերթի և կատարողական գործողությունների մասին ընդհանուր դրույթները: Կատարողական թերթ տալը, թերթ տալու հիմքերը, կատարման ներկայացվելու ժամկետները, կատարողականգ ործողությունների կատարման ժամանակը, դրանց իրականացման ժամկետները:
Վարպետաց դասի երկրորդ մասում փորձագետը ներկայացրեց պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու և դրանց հերթականության մասին՝
· պարտապան իրավաբանական անձի դեպքում,
· պարտապան ֆիզիկական անձի պարագայում:
Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը և արգելանքից հանելը համապատասխան պայմանների առկայության դեպքում: Ներկայացրեց պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին ընդհանուր դրույթները, դրանց առանձնահատկությունները, կարգն ու պայմանները: Նշվեց, թե որ դեպքերում է իրականցվում գույքի ուղղակի վաճառք, որ դեպքերում է պարտապանի դրամական միջոցների կամ գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածվում և որ դեպքերում բռնագանձում չի կարող տարածվել:
Մանրամասն ներկայացվեց պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը, պայմանները և դրանց առանձնահատկությունները:
Գյումրու մասնաճյուղի ունկնդիրները փորձագետին ուղղեցին իրենց հուզող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ: Վարպետաց դասն անցավ բավականին ակտիվ ու հետաքրքիր մթնոլորտում: