Սույն թվականի մայիսի 27-ին Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսի հերթական վարպետաց դասը: Վարպետաց դասի թեման էր` «Մարդասիրական միջամտություն»:
Ըստ Արման Բոշյանի, մարդասիրական միջամտությունը կամ մարդասիրական պատերազմը ռազմական ուժի կիրառումն է այլ պետության տարածքում կամ իր սեփական տարածքում հումանիտար աղետի կամ տեղի բնակչության ցեղասպանությունը կանխելու նպատակով: Հումանիտար միջամտություն ասելով հասկանում ենք մի շարք գործողություններ, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններ այն պետություն համաձայնությամբ, որի տարածքում այդ գործողություններն իրականացվում են, ինչպես նաև լեգիտիմ իշխանության պահանջով ռազմական միջամտություն, պետության կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները այլ պետության տարածքում իր քաղաքացիների առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգից պաշտպանելու նպատակով:
Այնուամենայնիվ, ներկայումս մարդասիրական միջամտության հասկացությունն այլ դրսևորումներ է գտել և սկսել է նաև կիրառվել սեփական շահերի իրացման նպատակով, ինչի վառ ապացույցն են նաև այսպես կոչված «հումանիտար պատերազմները» Իրաքում, Լիբիայում, Սիրիայում և այլն: