Սույն թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ ՌԳՄԿ-ին կից գործող Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղի առաջին խմբի հերթական վարպետաց դասը՝ «Ժառանգության իրավունք» թեմայով, որը վարում էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը:
Փորձագետը նախ տվեց ժառանգություն հասկացության բացատրությունը, ներկայացրեց ժառանգման հիմքերը, բացման կարգը, դրանց առանձնահատկությունները, և այն, որ ժառանգության բացման ամենակարևոր պայման է հանդիսանում քաղաքացու մահը: Ներկայացվեց ժառանգության զանգվածը՝ ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքներն ու պարտականությունները, ժառանգության բացման վայրը և ժամանակը:
Անդրադարձ կատարվեց նաև այն փաստին, որ ժառանգություն ստանալու համար պետք է դիմել նոտարական գրասենյակ ոչ թե 6 ամիսը լրանալուց հետո, այլ 6 ամսվա ընթացքում, իսկ ժառանգության իրավունքի վկայագիրը հնարավոր է ստանալ 6 ամիսը լրանալուց հետո ցանկացած ժամանակ: Ներկայացվեց ըստ օրենքի (եթե չկա կտակ) և ըստ կտակի ժառանգման տեսակները: Խոսվեց կտակի կազմման կարգի, ձևի և տեսակների մասին: Համեմատականներ անցկացվեցին կտակի և նվիրատվիտվության միջև: Բացատրվեց ըստ օրենքի ժառանգների շրջանակը՝ չորս հերթով, ինչպես նաև ժառանգումը ներկայացման իրավունքով:Վարպետաց դասի ավարտին վերոնշյալ թեմայի շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ իրավիճակներ, առաջադրված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ: