Սույն թվականի հունիսի 15-ին Հանրային դիվանագիտության վեցերորդ խմբում և Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսում անցկացվեց «Մտքի և գիտակցության ապառացիոնալացում» թեմայով վարպետաց դասը: Այն վարում էր Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դասախոս Էռնեստ Գրիգորյանը:
Ըստ Էռնեստ Գրիգորյանի, գիտակցությունը օբյեկտիվ իրականության արտացոլման և շրջակա միջավայրի նկատմամբ մարդու վերաբերմունքի նպատակաուղղված կարգավորման բարձրագույն ձև է , ինչպես նաև մարդու կողմից իրականության արտացոլման բարձրագույն ձևը, ուստի գիտակցության վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն շրջակա աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Խնդիր ավելի է բարդանում տեղեկատվական շատ մեծ հոսքերի պարագայում: Գիտակցությունը, լինելով զգայական, կամային և հուզական գործընթացների համակարգ ուղղված է մարդու կողմից շրջակա աշխարհի ճանաչմանը և վերափոխմանը իր պահանջներին համապատասխան։
Ռացիոնալ լինելը բնորոշ է մարդուն, սակայն մեր օրերում ականատես ենք լինում մտքի և գիտակցության ապառացիոնալացման գործընթացի, որը նաև կապված է տեղեկատվական հոսքերում ճիշտ չկողմնորոշվելու հետ: Վարպետաց դասի շրջանակներում քննարկվեցին նաև մտքի, վարքագծի և գիտակցության` ռացիոնալից ոչ ռացիոնալ դառալու գործընթացն ու դրա առանձնահատկությունները: