Սույն թվականի հունիսի 13-ին Հանրային դիվանագիտության դպրոցում անցկացվեց «Քաղաքական տեքստերի վերլուծություն» թեմայով վարպետաց դասը, որը վարում էր Անգելինա Գասպարյանը:
Քաղաքական տեքստերը ստեղծվում են քաղաքական ուժերի բաշխման ու վերաբաշխման, հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով: Հետևաբար, քաղաքական տեքստերի խնդիրներն են` իշխանության լիազորությունների բաշխումն ու վերաբաշխումը, իշխանության և հասարակության կառուցվածքի վերափոխումը և այլն:
Այսպիսով, քաղաքական տեքստեր կարող են կոչվել բոլոր այն տեքստերը, որտեղ խոսքը գնում է քաղաքական պայքարի և այդ գործընթացի վրա ազդելու մասին:
Քաղաքական տեքստերը ունեն ռազմավարական և մարտավարական խնդիրներ: Յուրաքանչյուր քաղաքական տեքստ ռազմավարական առումով ուղղված է քաղաքական իրավիճակի փոփոխմանը կամ օժանդակմանը կամ իշխանության ուժերի գոյություն ունեցող հավասարակշռության պահպանմանը կամ վերաբաշխմանը:
Ոչ բոլոր տեքստերն են բացառապես կատարում ռազմավարական խնդիրներ: Քաղաքական տեքստերի մեծամասնությունը լուծում է հենց մարտավարական խնդիրներ: