News

...

Հանրային դիվանագիտության դպրոցի ունկնդիրները մասնակցել են 10-րդ հոբելյանական դիվանագիտական սեմինարին (Մոսկվա-Սևաստոպոլ-Սիմֆերոպոլ)

ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի ունկնդիրներ Արման Տոնիկյանն ու Ռուզաննա Հարությունյանը մասնակցել են ս.թ. հունիսի 5-ից 10-ը ՌԴ-ում անցկացված միջազգային գիտակրթական նախագծին՝ Երիտասարդ մասնագետների 10-րդ հոբելյանական դիվանագիտական սեմինարին:
Միջոցառումը կազմակերպվել էր ռուս ականավոր դիվանագետ և պետական գործիչ Ալեքսանդր Միխայելովիչ Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի և Անկախ պետությունների համագործակցության, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության (Россотрудничество) ջանքերով:
 Միջազգային համագործակցության, տնտեսական, իրավական, հանրային դիվանագիտական հարցերով երիտասարդների երկխոսության հարթակը բացվել էր Մոսկվայում, որից հետո ծրագիրը շարունակվեց Սևաստոպոլի պետական համալսարանում, որտեղ ողջույնի խոսքով և գլոբալացման մասին զեկույցով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նեչաևը: 
Ռեկտորի ելույթից և գիտաժողովի մասնակիցների զեկուցումներից հետո կազմակերպիչները հյուրերին հրավիրեցին ճանաչողական էքսկուրսիայի Սևաստոպոլի հարավարևմտյան ծայրակետում գտնվող հնագույն քաղաք` Խերսոնիսում, որտեղ միջոցառման մասնակիցները գիդի հետ ծավալեցին քննարկում պատմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ: 
Դիվանագիտական սեմինարի ծրագրով հաջորդ հանդիպումը նախատեսված էր Սևաստոպոլի օրենսդիր մարմնում: Ծրագրի մասնակիցներին հնարավորություն տրվեց շրջել քաղաքի փողոցներում, տեսնել՝ ինչպես են ապրում մարդիկ այնտեղ և հարցեր տալ իշխանության ներկայացուցիչներին: Օրենսդիր մարմնում կայացած հանդիպման ընթացքում «հարց ու պատասխան» ձևաչափով քննարկումներ ծավալվեցին տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդ մասնագետների և Սևաստոպոլի տնտեսության զարգացման, քաղաքաշինության, հումանիտար համագործակցության, քաղաքային տնտեսության և այլ կոմիտեների ղեկավարների միջև:

Աշխատանքային հերթական օրն ամփոփվեց Երիտասարդների եվրասիական քաղաքացիական խորհրդի կողմից կազմակերպված Եվրասիական քաղաքացիական 2-րդ համաժողովում, որտեղ մասնակիցներն առանձին աշխատանքային խմբերում մշակեցին միջազգային հարաբերությունների զարգացմանը նպաստող ծրագրերի մի շարք նախագծեր: Համաժողովի ընթացքում տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը և փաստաբան, հասարակական գործունեությամբ զբաղվող Ռուզաննա Հարությունյանը չեխ գործընկեր Արսենի Ալեքսեյենկոյի հետ լսարանին ներկայացրեցին «Արի խոսենք» միջազգային մշակութային-կրթական ծրագրի նախագիծը: 
Ծրագրով նախատեսված վերջին դիվանագիտական միջոցառումը տեղի ունեցավ Սիմֆերոպոլում՝ Ղրիմի խորհրդարանում: Երիտասարդ պատգամավորների խորհրդի քարտուղար Աննա Ռուբելը, ողջունելով ներկաներին, իր ելույթը շարունակեց այն պնդմամբ, որ Ղրիմի՝ վերջին տարիներին ստեղծած պատմությունը իրական ժողովրդավարության լավ օրինակ է: Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Տրոֆիմովն իր զեկույցով ներկայացրեց Ղրիմի՝ ՌԴ կազմում ներառվելու գործընթացում առաջացած անցումային իրավական խնդիրները, էական ձեռքբերումներն ու անելիքները: 
Հանդիպման վերջում հյուրընկալող կողմն օտարերկրացի պատվիրակների համար ցուցադրեցին «Ղրիմյան գարուն» ֆիլմը և կազմակերպեցին շրջայց Ղրիմի խորհրդարանի պատմական շենքում: 
Հագեցած գրաֆիկով դիվանագիտական միջոցառումների ծրագրի ավարտին նախագծի ղեկավար Վիտալի Սոլոնեցկին Եվրոպայի և Ասիայի երիտասարդ պատվիրակներին հանձնեց հոբելյանական միջոցառման մասնակցության վկայականներ, որից հետո վերջիններս մասնակցեցին տոնական խնջույքի, որտեղ ավելի անմիջական մթնոլորտում ամուր հիմքեր դրեցին արդեն իսկ ստեղծված կապերի ամրապնդման և զարգացման համար:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.