ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում» մեկնարկել է «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը։ Հանդիպումները նպատակ ունեն դպրոցի մասնակիցներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ դպրոցի գործընկեր կազմակերպությունների ղեկավարների հետ, ծանոթանալ բիզնեսի զարգացման ու կայացման պատմությանը և նրանց գործունեության ողջ շրջանակին։
«Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի երրորդ հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 28-ին, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Դպրոցում հյուրընկալվել էր երգահան, մշակութային գործիչ Վահան Արծրունին:
Վահան Արծրունին, անդրադառնալով հայկական մշակութային միջավայրին, նախ նշեց, որ իրավիճակի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումից հետո: Կտրականապես փոխվեց մշակույթի վրա գաղափարախոսական ազդեցությունը, որն առկա էր խորհրդային տարիներին:
Բացի այդ, արդեն չկար այն ընդհանուր մշակութային տարածքը, որի հետ մենք անընդմեջ փոխազդեցությունների մեջ ենք եղել ավելի քան 70 տարի: Անկախության առաջին տարիներին կարծես թե ստեղծվել էին համապատասխան պայմաններ, որոնք պետք է նպաստեին հայկական մշակույթի արժեվորման ու ամրապնդմանը գիտելիքների տեսանկյունից, սակայն գերակայությունների ձևավորման խնդրի առաջ կանգնեցինք և ճիշտ չօգտագործեցինք իրավիճակը:
Անդրադարձ կատարվեց ազգային մշակույթի ոլորտում ներկայումս գոյություն ունեցող բոլոր խնդիրներին, ինչպես նաև մատնանշվեցին այդ խնդիրների լուծման ուղիները:
Վերջում դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսին ուղղել իրենց հուզող հարցերը: Քննարկվեցին նաև ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» հետ համատեղ ծրագրերի հնարավորությունները: