«Փաստարկների արդյունավետ կիրառում» վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի չորրորդ խմբում վարեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը։ Վարպետաց դասն անցկացվեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 8-ին:
Փորձագետը փաստարկների ստեղծման համար նախ և առաջ անհրաժեշտ համարեց որոշ վավաերապայմանների առկայություն՝ նախ թեզի առաջադրում, ապա բացատրություն, ապացուցում և, ի վերջո, թեզի ամփոփում։ Միևնույն տրամաբանական շղթան, սակայն, կարող է ներկայացված լինել մեկ այլ տարբերակով՝ թեզի ներկայացում (հիմնական միտք, մտահաղացում), տվյալ մտքի բացահայտում և նաև ապացուցում (հիմնավորում և քննարկում):
Շատ կարևոր է ապացուցման ընթացքում նաև հիշել, որ փաստարկները պետք է լինեն ճշմարիտ դատողություններ, ինքնուրույն ապացուցված` անկախ թեզից, ինչպես նաև բավարար և հիմնավոր թեզի համար:
Ըստ բանախոսի, ձաստարկները կազմված են երեք հիմնական տարրերից` հայտարարություն, որը փաստարկ ներկայացնող պնդումն է, որով նա ցանկանում է համոզել լսողներին, ապա աջակցում` հայտարարության լրացում և ամենավերջում` հիմնավորում, որը փաստարկի կառուցվածքում գաղափարների հավաքածուն է, որոնք լսարանն ընդունում է որպես ճշմարտություն, և որոնք հիմք են հանդիսանում հայտարարության ընդունման համար: Հանդիպման երկրորդ հատվածում Դավիթ Բայրամյանը ներկայացրեց փաստարկների կառուցման եղանակները` ըստ կառուցահատվածների, ըստ տեսակների, ինչպես նաև ըստ հասկացությունների և տիպերի:
Այս վարպետաց դասը մյուսներից առանձնացավ այն փաստով, որ անցկացվեցին թվով երկու «Մտքերի մենամարտեր», որոնք անցան շատ թեժ և հետաքրքիր մթնոլորտում: