Սույն թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցավ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» տարեդարձին նվիրված երեկույթը: Երեկույթի հյուրերի շարքում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հատուկ հյուրեր, փորձագետներ, գործընկերներ, լրագրողներ, ինչպես նաև դպրոցների ունկնդիրները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը, Ռուսաստանի առաջատար համալսարաններից մեկի՝ «Սիներգիայի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեյ Մնացականովը և «Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն, «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը:
Միջոցառման ընթացքում «Հանրային դիվանագիտության դպրոցի» տնօրենը ներկայացրեց կառույցի գործունեությունը, առաքելությունը, առավելությունները, ձեռքբերումներն ու հեռանկարները:
Ներկայացվեց Հայաստանում նախադեպը չունեցող ՌԴ որակավորման բարձրացման պետական նմուշի վկայականը, որը «Հանրային դիվանագիտության դպրոցի» դիպլոմի հետ միասին այսուհետ շնորհվելու է դպրոցի շրջանավարտներին: Ելույթով հանդես եկան նաև դպրոցների տնօրենները և փորձագետները:
«Որակի կառավարման դպրոցի» տնօրեն Նիկա Մանուկովան, «Իրավագիտության դպրոցի» տնօրեն Դավիթ Բայրամյանը՝ ներկայացրին դպրոցների ծրագրերն ու գործունեությունը, իսկ «Հանրային դիվանագիտության դպրոցի» փորձագետ, Երևանի «Աշխարհաքաղաքական ակումբի» տնօրեն Արման Բոշյանն իր խոսքում կարևորեց դպրոցի դերն ու հետագա գործունեությունը ոչ միայն Հայաստանի` այլև տարածաշրջանի համար: Միջոցառման ավարտին հյուրերին սպասվում էր հյուրասիրություն՝ երեկոն ոչ պաշտոնական մթնոլորտում շարունակելու համար: