Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի ութերորդ խմբում անցկացվեց «ԶԼՄ-ների ազդեցությունը ենթագիտակցության վրա» թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր Երևանի Աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:
ԶԼՄ-ների ազդեցությունը արդիական հասարակության վրա ահռելի է, այն նաև ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա: Մարդու վիճակի վրա ազդեցությունը կարող է լինել մի քանի հիմնական ձևերով` գիտակցությունը կարող է ընդլայնվել, ենթարկվել ընկճման կամ թուլանալ:
Արման Բոշյանը նշեց, որ մարդու գիտակցականի համար պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը, իսկ աջ կիսագունդը` ենթագիտակցության համար: Առանձնահատուկ նշանակություն ունի մարդու աշխարհայացքը, որն անհատի հայացքների, գնահատականների, պատկերացումների ու աշխարհընկալման ամբողջությունն է, որն իր մեջ ներառում է նաև տեղեկատվություն, փոխաբերություն (մետաֆորա) և սեփական փորձ:
Ազդեցությունն ենթագիտակցության վրա իրականացվում է երեք հիմնական ձևերով` ձայն, տեքստ, պատկեր: Գիտնականները բացահայտել են, որ ցանկացած տեքստ, որը սկսվում է «Գիտնականները բացահայտել են» բառերով, ավելի մեծ վստահություն է ներշնչում: Տեսողական ազդեցությունը ևս շատ մեծ է: Նախ, գունային գամմաները զգացմունքներ են առաջացնում, ավելին, հակադիր գունային գամմաները «կարճ միացում» են առաջացնում ուղեղում: