Մեկ ընտանիք, բռունցք` այսպիսի բառերով կարելի է ներկայացնել «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը», որի կողմից մայիսի 29-ին` Շահումյանի անվան հրապարակում իրականացվեց «Մենք ենք մեր հաղթանակը» ֆլեշ-մոբը:
Երիտասարդների կողմից այդքան սպասելի միջոցառումը մեծ ոգևորություն առաջացրեց ինչպես միջոցառման մասնակիցների, այնպես էլ անցորդների մոտ: Մարդիկ այնքան էին տարվել և հրապուրվել միջոցառմամն` բոլորին մեկ միասնություն դարձնելու երիտասարդների հմտությամբ, որ նրանցից շատերը կանգ էին առնում և անպատրաստից մասնակցության ցանկություն հայտնում: Հատկապես տպավորիչ էր այն դեպքը, երբ մայրն իր երեք երեխաների հետ դուրս էր եկել զբոսանքի, կանգ առավ և տեղեկանալով միջացառման գաղափարի մասին` իր երկու դուստրերի մասնակցությունն առաջարկեց «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնին»:
Ինչպես նշեց «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» նախագահ` Տիգրան Շադունցը, նպատակը վերնագրի իմաստի մեջ է: "Մենք ենք մեր հաղթանակը" միջոցառման վերնագիրն ընտրել ենք, քանզի հենց մենք ենք մեր ազգի արդյունքը` այսօրվա երիտասարդները, որոնք կազմակերպված են, համարձակ, խելացի և լցված դարավոր ուժով, որը մեզ փոխանցել են մեր ծնողները (մեր ազգը): Մենք հաղթող ազգ ենք և կազմակերպում ենք այս միջոցառումը` ոչ թե ամբողջ աշխարհին ցույց տալու Հայ երիտասարդության ներուժը, այլ անում ենք, քանզի դա մեր արտացոլանքն է:
Միջոցառումը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության անկախության տոնին և Մայիսյան հերոսամարտերում մեր հերոս-բանակի ու առանձին անհատների տարած հաղթանակին: Ֆլեշ-մոբի իրականացումը, այնուհանդերձ, մեկ գերնպատակ էր հետապնդում` մեր երիատասարդներին դարձնել մեկ ամբողջականություն, ուժ ու միասնություն: Ֆլեշ-մոբն իրականացվեց հետևյալ կարգով` երիտասարդները կազմեցին ≪հաղթանակ≫ բառը, հնչեց ՀՀ օրհներգը, այնուհետև բոլորը միասին երեք անգամ բացականչեցին ≪հաղթանակ≫ և ≪Հայաստան≫ բառերը:
Միջոցառումը ճիշտ և տեղին ծառայեց իր նպատակին, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրի աչքերում միայն ուրախություն և ժպիտ էր դրոշմված, և ինչպես հետագայում խոսում էին “Սերունդականները”, ամեն պատանու աչքերում մի եռագույն կարելի էր տեսնել, մի իսկական հայ և մի հայրենասեր:
Ինչպես նշեց ֆլեշ-մոբի կազմկոմիտեի ղեկավար` Սյուզաննա Խալաթյանը, ≪հնարավոր է, որ այս ամենը ոչ այնքան հաջողված լիներ, եթե չլիներ այն մեծ վստահությունը “Սերունդականների” մեջ, կամքը և հավատը սեփական անձի և կատարած աշխատանքի կարևորության հանդեպ:
«Մենք ենք մեր հաղթանակը» ֆլեշ-մոբին մասնակցեցին ավելի քան 500 հայ երիտասարդներ, ինչը միջոցառմանը մեծ հայրենասիրական շունչ հաղորդեց:
Ծրագրի կայացմանն աջակցեցին` Եվրասիա Միջազգային Համալսարանը, Ռազմական Ավիացիայի Պետական ինստիտուտը` ի դեմս գնդապետ Դ. Բալայանի և ուսանողական խորհրդի պետ Նորայր Սիմոնյանի, Երևանի Գյուղատնտեսական Համալսարանը, թիվ 161 դպրոցը` ի դեմս Մուշեղ Սինանյանի, ≪Սթար≫ սուպերմարկետների ցանցի անձնակազմը` ի դեմս Կարինե Ղազարյանի, Սկաուտների ակումբը, Artnewstyle պարային խումբը, ≪Ֆեյսբուք≫ սոցիալական կայքի թվով 200 անդամներ և ինֆորմացիոն գործընկերները` Կենտրոն հեռուստատեսությունը, ≪Հայաստանի Զրուցակից≫ համազգային թերթը, ≪Դե Ֆակտո≫ ամսագիրը, ինչպես նաև` Հանրային ռադիոն: