ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները և աշխատակազմը հոկտեմբերի 4-ին մասնակցեցին դպրոցի գործընկեր «Ճամփորդ» հիմնադրամի կողմից կազմակերպված ֆլեշ-մոբին, որի ընթացքում շաբաթաթերթեր բաժանվեցին Երևանի կենտրոնական փողոցներում:
«Ճամփորդը» կովկասյան տարածաշրջանում առաջին թերթն է, որն անվճար տարածվում է հանրային տրանսպորտի միջոցներում: «Ճամփորդն» ունի Երևանի քաղաքապետարանի կողմից տրված բացառիկ կարգավիճակ: Թերթի արկղերը տեղադրված են հանրային տրանսպորտի գրեթե բոլոր միջոցներում՝ մանուշակագույն և դեղին ավտոբուսներում, տրոլեյբուսներում, մետրոյում, ինքնաթիռներում, գրախանութներում, ինչպես նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում: «Ճամփորդ» շաբաթաթերթն ունի 15.000 – 20.000 տպաքանակ, ինչն ապահովում է 10 անգամ ավելի մեծ լսարան, քան ցանկացած այլ հայկական թերթի պարագայում: «Ճամփորդը» սոցիալական նախագիծ է, որի նպատակն է աջակցել և խթանել տարբեր ոլորտներ՝ արվեստ, մշակույթ, կրթություն, հասարակական և բարեգործական կազմակերպություններ:
Նախագծի նպատակն է նպաստել բոլոր նրանց, ովքեր փորձում են ստեղծել և տարածել դրական փոփոխություններ մեր երկրում: Որպես կանոն, դրական փոփոխությունների գործընթացը զարգանում է միայն այն ժամանակ, երբ հասարակությունն սկսում է ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին: «Ճամփորդի» առաքելությունն է դառնալ հասարակության մեջ դրական փոփոխությունների նախաձեռնողը, ինչպես նաև՝ դրանք լուսաբանողը:
Ֆլեշ-մոբը կազմակերպված էր ընթերցողների ավելի լայն շրջանակ ընդգրկելու նպատակով: Այն հրաշալի հնարավորություն էր լավ հարաբերություններ հաստատել այն կազմակերպությունների հետ, ովքեր կիսում են «Ճամփորդի» տեսլականը և հոգում են քաղաքացիական հասարակության ստեղծման մասին: