«Ուղեղային կենտրոններ և հանրային դիվանագիտություն» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի երկրորդ խմբում անցկացվեց հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր Նորավանք գիտակրթական կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Աթոյանը:
Խոսելով հասարակության մեջ ուղեղային կենտրոնների դերի մասին՝ փորձագետը նշեց, որ այդ կենտրոնների առաքելությունն է՝ գեներացնել նորարարական գաղափարներ, կամուրջի դեր կատարել ակադեմիական գիտության, հասարակության և իշխանության միջև, և, ի վերջո, «արտադրել» ազգային շահ:
Այսօր ուղեղային կենտրոնների ազդեցությունը շատ մեծ է հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, դրանք ունեն հետևյալ գործառույթները՝ հետազոտական և վերլուծական, խորհրդատվական, բացատրական (ԶԼՄ-ներ, հասարակություն), հանրային հարթակներ և կրթական–քաղաքացիական կրթություն: