ՌԳՄ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երրորդ խմբում հոկտեմբերի 11-ին անցկացվեց «Ազդեցության տեխնիկաներ» թեմայով վարպետաց դասը, որը վարում էր Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը, ով հանդիպման առաջին մասում նվիրեց հասարակության վրա ազդեցություն գործելու հիմնական ձևերին ու առանձնահատկություններին: Կառավարման տեսության մեջ Սայմոնն առանձնացնում է կառավաևման հետևյալ մեթոդներն ու ձևերը` խաբեություն, խաբեություն լռության միջոցով, ժխտում, խուսափում, կեղծ մեղավորության զգացում, ագրեսիա և այլն:
Ըստ բանախոսի, հասարակության մեջ կարելի է նախ առանձնացնել առաջնորդների (95%), ապա մարդկանց, որոնք սպասում են, որ իրենց առաջնորդեն (5%) և այս երու խմբերից զատ՝ ինքնուրույն գործող մարդկանց: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հասարակության վրա ազդելու ամենալավ ձևը առաջնորդության ինստիտուտի ձևավորումն ու զարգացումն է, իսկ կազմաքանդող տարրեր առկա են յուրաքանչյուր հասարակության մեջ:
Հանդիպման վերջում անցկացված մտքերի մենամարտի թեման ազդեցությունն էր մշակութային հասարակության վրա, որի ժամանակ երկու կողմերն էլ ներկայացրեցին իրենց փաստարկներն ու փորձեցին հակազդել հակառակորդ թիմին: Մտքերի մենամարտն անցավ շատ հետաքրքիր ու լարված մթնոլորտում, և, ինչպես բանախոսը փաստեց, այն բավականին կառուցողական ու արդյունավետ էր: