Դոկտեմբերի 1-ին «Հանրային դիվանագիտության դպրոցում» անցկացվեց առաջին կուրսի չորրորդ խմբի առաջին դասը: Այն վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը: Բանախոսը վարեց «Հանրային դիվանագիտության իրականացման մեթոդներն ու ձևերը և փափուկ ուժի դերակատարների նույնականացումը» թեմայով վարպետաց դասը:
Հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը» հասարակական կամ գործնական կապերի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելու միասնական համակարգ է լոկալ և գլոբալ մակարդակներում, որն իրականացվում է հասարակության, ԶԼՄ-ների, բիզնեսի և միջազգային կառույցների միջև կամ միջոցով:
«Հանրային դիվանագիտության դպրոցը» կառույց է, որն ուսումնասիրում և կիրառում է հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը»:
Փորձագետն այս ոլորտում հստակ կողմնորոշվելու համար ասաց, որ պետք է նախ և առաջ պատասխանել մի քանի կարևոր հարցի. ո՞վ է իրականացնում հանրային դիվանագիտությունը, ի՞նչպես և ու՞մ վրա են փորձում ազդել:
«Հանրային դիվանագիտություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է Էդմունդ Գալլիոնի կողմից 1965 թ., իսկ «փափուկ ուժը»` Սառը պատերազմից հետո` 1991թ., առաջարկվել է Ջոզեֆ Նայի կողմից, ապա զարգացել և վերաիմաստավորվել է:
Հանրային դիվանագիտությունը և փափուկ ուժն այսօր դարձել են գլոբալ կառավարման և ազդեցություն գործելու կարևորագույն միջոցներից մեկը: Այնուհետև անդրադարձ կատարվեց փափուկ ուժի ձևավորման հիմնական ռեսուսներին և ազդեցության ձևավորման հիմնական փուլերին: