Սույն թվականի ապրիլի 3-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոում անցկացվեց «Իրավագիտության դպրոցի» առաջին խմբի հերթական վարպետաց դասը: Վերջինս վարում էր փորձագետ Տաթև Ավագյանը` Նոտարական գործարքների առանձնահատկությունները և փաստաթղթերի վարման կարգը թեմայով:
Ինչպես Տաթև Ավագյանը ներկայացրեց, նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ: Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն սույն օրենքով: Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:
Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը: Նոտարն իրավունք ունի մատուցելու նաև ծառայություններ, ընդ որում` տալու իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմելու գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնելու իրավական այլ ծառայություններ, ինչպես նաև նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ: Նոտարի ստորագրությամբ ու կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ: Նոտարական գործողությունն իրականացվում է անաչառորեն՝ բոլորի համար հավասար պայմաններով: Փորձագետը նաև ներկայացրեց, թե ինչ նոտարական գործարքներ են իրականացնում` համաձայնություններ, հայտարարություններ, ժառանգության հետ կապված ու նմանատիպ այլ գործարքներ: Նշեց, որ հաստատումով թարգմանությունների դեպքում նոտարը պատասխանատվություն չի կրում բովանդակության համար: