ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետի պետ, ի.գ.թ, դոցենտ Մանուկ Մուրադյանը սույն թվականի մայիսի 1-ին Իրավագիտության դպրոցի 2-րդ խմբում անցկացրեց «Վարչարարության հասկացությունը, սկզբունքները և ձևերը» թեմայով վարպետաց դասի 2-րդ մասը:
Հանդիպման առաջին մասում փորձագետն անդրադարձավ վարչարարության օրինակնաության հիմնախնդրին` նշելով, որ դա կարգավորվում է օրենքի 4-րդ հոդվածով, վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը և վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են: Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց կամայականության անգելքին, ըստ որի, վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
Վարպետաց դասի շրջանակներում Մանուկ Մուրադյանն անդրադարձավ նաև վարչական վարույթին` նշելով, որ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է, որը բաղկացած է հետևյալ փուլերից՝ վարույթի հարուցման փուլ, ընթացիկ փուլ և վարույթի եզրափակիչ փուլ:
Վարպետաց դասն ավարտվեց առանձին դեպքերի ուսումնասիրությամբ: