Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբի հերթական վարպետաց դասն անցկացվեց սույն թվականի մայիսի 22-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի շենքում: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Մինաս Մուրադյանը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման առանձնահատկությունները ՀՀ-ում թեմայով:
Մինաս Մուրադյանը ներկայացրեց հարկադիր կատարման վարույթի մասին ընդհանուր դրույթները, նշեց, որ ԴԱՀԿ-ն ապահովում է ՀՀ դատարանների դատական ակտերի (այդ թվում՝ միջազգային դատական ակտերի), ինչպես նաև անբողոքարկելի վարչական ակտերի, արբիտրաժային տրիբունալների վճիռների և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարումը: Հարկադիր կատարման մարմինը ապահովում է ՀՀ Արդարադատության նախարարության համակարգում գործող հատուկ ծառայությունը:
Ներկայացվեցին հարկադիր կատարման ենթակա ակտերի տեսակները, դրանց կատարման միջոցները, ներկայացրեց, թե ովքեր կարող են լինել կատարողական վարույթի կողմերը և մասնակցող անձինք՝ կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները, փորձագետներ, թարգմանիչներ, խնամակալության և հոգաբարձության մարմիններ:
Մինաս Մուրադյանը ներկայացրեց նաև կատարողական թերթի և կատարողական գործողությունների մասին ընդհանուր դրույթները: Կատարողական թերթ տալը, թերթ տալու հիմքերը, կատարման ներկայացվելու ժամկետները, կատարողական գործողությունների կատարման ժամանակը, դրանց իրականացման ժամկետը: Ներկայացվեց, թե որ դեպքերում են ավարտվում և կարճվում կատարողական վարույթները: