Սույն թվականի հունիսի 16-ին Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղում անցկացվեց առաջին խմբի հերթական վարպետաց դասը՝ «Ժառանգության իրավունք» թեմայով, որը վարում էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը:
Փորձագետը նախ ներկայացրեց, թե որոնք են ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության տեսակները և թե որ դեպքում ովքեր են մեկուսացվում, ովքեր խոչընդոտում են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին, կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ: Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգությունից մեկուսացվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողները, ում ծնողական իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու ժամանակ: Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք է հանդիսանում դատարանի ՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքի 1192-րդ հոդվածը սահմանում է, որ կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Նշվեց նաև, որ կտակարարն ունի ցանկացած գույք կտակելու իրավունք՝ ներառյալ ապագայում ձեռք բերվելիք: Կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացնելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել նաև վկա և եթե կտակարարն անձամբ չի կարող կարդալ կտակը, վկայի ներկայությունն այդ դեպքում պարտադիր է:
Վարպետաց դասի ավարտին վերոնշյալ թեմայի շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ իրավիճակներ, լուծվեցին խնդիրներ, ինչպես նաև առաջադրված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ: