Սույն թվականի հունիսի 12-ին Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց «Դատաիրավական փաստաթղթերի մշակման հմտություններ» թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի Իրավաբանական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը:
Ինչպես իրավացիորեն նշեց Դավիթ Բայրամյանը, հմուտ իրավաբան լինելու նախապայմանը իրավական վերլուծություն կատարելու և իրավաբանական փաստաթղթեր կազմելու կարողությունն է:
Իրավավերլուծական աշխատանքը բնորոշ է իրավունքի բոլոր ընտանիքներին: Անգլոամերիկյան իրավավերլուծությունն ենթադրում է թե’ դեդուկտիվ, թե’ ինդուկտիվ մոդելները: Վերլուծության և գրության ընդհանուր-իրավական մոդելի բազմադարյա զարգացման արդյունքում ի հայտ է եկել իրավավերլուծական ունիվերսալ մեթոդը` IRAC համակարգը, ինչը ենթադրում է Issue - Հարցադրում կամ Խնդիր, Rule – Կանոն, Analysis – Վերլուծություն, Conclusion - Հետևություն կամ եզրահանգում: Այնուամենայնիվ, ըստ Դավիթ Բայրամյանի, IRAC համակարգով պետք է շարադրել միայն իրավավերլուծական տեքստեր, իսկ ոչ բարդ վերլուծությունները կարող են շարադրվել ավելի պարզ մեթոդով: Իրավավերլուծական տեքստի մյուս հատվածները (ներածական, եզրափակիչ հատվածները, փաստերի շարադրանքը, և այլն) դուրս են IRAC համակարգից: