News

...

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով. Հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունն առավել զորացնելու համար 18.09.2017



Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 71 երկրներից ժամանած 1500-ից ավելի պատվիրակներ:
«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն»  խորագրով համաժողովի հանդիսավոր բացումն սկսվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթով:




Առաջին լիագումար նիստին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, իսկ օրհնության խոսք ասեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը:
Համաժողովի թեմատիկ նիստերը կազմակերպվում են չորս ուղղություններով՝
1. Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ,
2. ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում,
3. Արտաքին քաղաքականության օրակարգ,
4. Հայապահպանության հիմնախնդիրներ:
Հանրային դիվանագիտության դպրոցի տնօրեն Տիգրան Շադունցը մասնակցեց ինչպես լիագումար նիստին, այնպես էլ թեմատիկ նիստերում կազմակերպվող մի քանի քննարկումներին: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի համար հետաքրքրական էին այն թեմաները, որոնք քննարկվում են իր ղեկավարած կառույցում: Իր խոսքում Տիգրան Շադունցը կարևորեց նման միջոցառման դերն ու նշանակությունը համահայկական իրականության մեջ՝ մեջբերելով ՀՀ Նախագահի խոսքը. «Արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունն առավել զորացնելու համար»:



Ս.թ. սեպտեմբերի 18-ից 20-ն անցկացվող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ծրագրով, բացի ոլորտային խնդիրների քննարկումներից, Համահայկական խորհրդի ստեղծումից, նախատեսված են նաև մի շարք մշակութային երեկոներ, համերգներ, հանդիպումներ և այլ միջոցառումները:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.