«Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն, Սերունդ ՀԵԿ նախագահ Տիգրան Շադունցը սույն թվականի նոյեմբերի 28-ին Հանրային դիվանագիտության դպրոցում վարեց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի առաջին մասը։
Մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարումը յուրաքանչյուր կազմակերպության արդյունավետ ու փոխկապակցված աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է, ուստի կազմակերպության առաջընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարելագործել այն ու հետևել ՄՌ զարգացման արդիական մոտեցումներին: ՄՌ կառավարումը պահանջում է հետևողական աշխատանք, սակայն այն մոտեցումները, որոնք այժմ մեծամասամբ կիրառվում են Հայաստանում և արտերկրում, սպառել են իրենց: Մարդկային ռեսուրսների կառավարումն այլևս միայն կազմակերպչական գործառույթների իրականացումը չէ:
Ահա թե ինչու ՄՌ կառավարման ավանդական մոտեցումներն իրենց տեղը զիջել են մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարմանը, որը լիովին տարբերվում է ՄՌ կառավարումից, այն ավելի խորքային է, հիմնավոր ու փոխկապակցված։ Փորձագետը նաև մասնակիցներին տրամադրեց այս երկու մոդելների սխեմաները. մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն վերլուծել դրանք ու համեմատել դրանք։