News

...

Կարիերայի եւ տեղեկատվության օր` ԵՊԼՀ-ում

Մայիսի 20-ին` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ «Կարիերայի եւ տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում 2011» ամենամյա միջոցառումը:
Այս տարի միջոցառմանը մասնակցեց 50 կազմակերպություն` նախորդ տարվա 43-ի փոխարեն:


«Հրավիրում ենք տարբեր հասարակական
կազմակերպությունների` ծանոթացնելու ուսանողներին եւ շրջանավարտներին Հայաստանում առկա աշխատաշուկայի, կազմակերպությունների, նրանց մոտ թափուր աշխատատեղերի, ինչպես նաեւ` կրթական, կամավորական ծրագրերի հետ»,- մեր հետ զրույցում նշեց լեզվաբանական համալսարանի Կարիերայի կենտրոնի համակարգող Լեւոն Բաբամյանը:
50 մասնակիցների շարքում էին` Սփյուռքի նախարարությունը, Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարությունը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, «Օրանժը», մի շարք երիտասարդական կազմակերպություններ:
Հրավիրված էր նաեւ «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը»:

«Սերունդ ՀԵԿ»-ի անդամներն ակտիվորեն ներկայացնում էին իրենց կառույցը եւ բոլոր հետաքրքրվողներին առաջարկում` տարբեր` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում կազմակերպվող միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, դասընթացների մասին պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար, թողնել իրենց էլեկտրոնային հասցեները:

Ներկայացնում էին նաեւ Մայիսի 27-ին` Շահումյանի անվան հրապարակում տեղի ունենալիք «Մենք ենք, մեր հաղթանակը» մեծամասշտաբ միջոցառումը եւ բոլոր հետաքրքրվողներին հրավիրում մասնակցելու այդ բացառիկ նախաձեռնությանը: Հրավիրվեցին նաեւ այդտեղ գտնվող գրեթե բոլոր ՀԿ-ները:

Կարիերայի օրվա ընթացքում, բուհի բակում ջազ համերգով հանդես եկավ Լեւոն Մալխասյանը: Ելույթ ունեցան նաեւ բուհի շնորհալի ուսանողները: Թերեւս զարմանալի կլիներ` այդ շնորհալի ուսանողների մեջ չտեսնել «Սերունդ ՀԵԿ»-ի անդամներից: Իր գեղեցիկ ձայնով ներկաներին հաճույք պատճառեց «Սերունդի» անդամ Աննա Աբրահամյանը:

Ողջունելի է, որ մենք այսքան շնորհաշատ անդամներ ունենք:

Ջեննի Կազումյան

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.