News

...

Հնգամյա գործունեության ամփոփում. Սերունդ ՀԵԿ-ը հինգ տարեկան է



«Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնն» արդեն հինգ տարեկան է: Այս առիթով կենտրոնը հրավիրել էր համաժողով: Այս օրվան Սերունդի անդամները երկար էին սպասել: Մեծ պատմություններ, առաջխաղացումներ և ոգևորություններ պարունակող հինգ տարիներ են անցել Սերունդի անդամների համար


Մարտի 30-ին՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ (ինչը ևս պատահական չէ), Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի դահլիճում հավաքվել էին «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի» անդամներն ու գործընկերները: Համաժողովի առաջին հատվածում Սերունդ ՀԵԿ-ի նախագահ Տիգրան Շադունցը ներկայացրեց կենտրոնի անցած ճանապարհն ու գալիք ծրագրերը, վերհանեց երիտասարդական կազմակերպությունների խնդիրները եւ առաջարկեց դրանց լուծման ուղիները: Համաժողովին ներկա էին Սերունդի բարեկամ կազմակերպությունները: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք ջանք չեն խնայել և այս տարիների ընթացքում հնարավորինս օգնել եւ աջակցել են Սերնդին: Գուցե նաև նրանց շնորհիվ է, որ Սերունդը մեծացել և դարձել է հինգ տարեկան


Կազմակերպություններին Սերունդի անունից բարեկամության և համագործակցության հավաստագրեր հանձնվեցին: Բարեկամ - կազմակերպություններն էլ, իրենց հերթին, շնորհավորեցին Սերունդ ՀԵԿ-ի հինգամյակի առթիվ և նշեցին, որ թեև Սերունդը հասցրել է արդեն երկար ճանապարհ անցնել, սա դեռ սկիզբն է և նորանոր աշխատանքներ են սպասվում: Շատերը հանդես եկան համագործակցության նոր առաջարկներով և կոչ արեցին մշտապես աշխատել միասին, քանի որ «նրանք, ովքեր ուզում են արագ գնալ, միայնակ են գնում, իսկ ովքեր ուզում են հեռու գնալ, գնում են միասին»: Սերունդը դեռ վաղուց է ընտրել միասին առաջ գնալու գաղափարախոսությունը: Դրա ապացույցն են այսքան շատ համագործակիցները: Տարվա ընթացքում կատարած լավագույն աշխատանքների համար՝ հանձնվեցին նաև պատվոգրեր Սերունդի անդամներին և բաժիններին: Սերունդի անդամներն իրենց շնորհակալական խոսքում նշեցին այն մեծ ազդեցության մասին, որ ունեցել է Սերունդ ՀԵԿ-ն իրենց կյանքում: Անդամներից մեկն անգամ շեշտեց, որ Սերունդի հետ միասին է հասցրել մեծանալ: Շատերը ծիծաղեցին, բայց անդամների համար իրոք հուզիչ և խորհրդանշական պահ էր:


Համաժողովի երկրորդ հատվածում ներկա էին միայն «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի» անդամները: Քննարկվեցին գալիք անելիքները և տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում ընտրվեցին վարչությունների և բաժինների նոր ղեկավարներ: Համաժողովի պայծառ կողմերից մեկն այն էր, որ ներկա էին նաև Սերունդին անդամակցելու հայտ ներկայացրած երիտասարդները: Նրանցից շատերը շուտով կհամալրեն կազմակերպության շարքերը: Սա ևս մեկ փաստ է, որ Սերունդ ՀԵԿ-ն օրեցօր առաջ է շարժվում՝ նպաստելով երիտասարդության համախմբվածությանն ու զարգացվածության մակարդակի բարձրացմանը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.