Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի վեցերորդ խմբում սույն թվականի մայիսի 18-ին անցկացվեց Մշակութային դիվանագիտություն թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
Տիգրան Շադունցը ներկայացրեց մշակութային դիվանագիտության հիմնական տարրերն ու բնորոշ գծերը: Այնուհետև ներկայացվեցին տարբեր երկրների կողմից ստեղծված մշակութային դիվանագիտության մաս կազմող հայտնի կառույցները, նշանավոր կրթական ինստիտուտները, այդ թվում` Ալիանս Ֆրանսեզ, Բրիտանական խորհուրդ, Գյոթեի ինստիտուտ, Կոնֆուցիուսի ինստիտուտ և այլն: Քննարկում սկսվեց արժեհամակարգի, պատմության, կրոնի և լեզվի մասին, որոնք էլ դիտարկվեցին իբրև մշակութային դիվանագիտության կարևորագույն բաղկացուցիչներ:
Տեսական նյութը ի մի բերելու և մշակութային դիվանագիտության վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով դասի երկրորդ հատվածում մասնակիցներին տրվեց հատուկ առաջադրանք: Մասնակիցները բաժանվեցին թիմերի և յուրաքանչյուրի առջև դրվեց խնդիր` ուսումնասիրել մյուս խմբի անդամների արժեհամակարգային առանձնահատկությունները և, հիմնվելով արված ուսումնասիրության վրա, մշակել նրանց վրա ազդեցություն գործելու առավել արդյունավետ ռազմավարություն: Արդյունքում ծավալվեց ակտիվ քննարկում: