News

...

Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղ Պարույր Նալբանդյան 02.06.2017

Սույն թվականի հունիսի 2-ին Գյումրու Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպությունում անցկացվեց ՌԳՄԿ-ին կից գործող Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղի առաջին խմբի հերթական վարպետաց դասը, որը վարում էր Շիրակի Պետական Համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Պարույր Նալբանդյանը: Վարպետաց դասի թեման էր` «Ընտրական իրավունք»:
Փորձագետը նախ ներկայացրեց ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ թվով 38 և տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնք ունեն առնվազն 7 անդամներ: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Անդրադարձ կատարվեց նաև այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով: Պարույր Նալբանդյանը ներկայացրեց քվեարկության կարգը՝ ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ, լիազորված քվեարկությունն արգելվում է: 
Վարպետաց դասի ավարտին վերոնշյալ թեմայի շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ իրավիճակներ, ինչպես նաև քննարկվեցին ընտրությանը մասնակցելու և ընտրության կարգի վերաբերյալ իրավիճակային խնդիրներ:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.