Ս.թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցավ Հանրային դիվանագիտության դպրոցի 5-րդ և 6-րդ, ինչպես նաև Իրավագիտության դպրոցի 1-ին և 2-րդ սերունդների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հանրային դիվանագիտության դպրոցի տնօրեն Տիգրան Շադունցը, ով պատմեց դպրոցի գործունեության մասին, խոսեց ձեռքբերումներից ու անելիքներից, շնորհակալություն հայտնեց աջակիցներին, ավելին՝ հատուկ կարևորությամբ անդրադարձավ վերջերս Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի լիագումար նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որի ընթացքում երկրի առաջնորդը նշեց այն մասին, որ արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունն առավել զորացնելու համար:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովն ու Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ովքեր ողջունեցին դպրոցի մասնակիցներին և մեծ ոգևորությամբ հանձնեցին նրանց ավարտական դիպլոմները:
Շրջանավարտների կողքին էին նաև դպրոցի փորձագետները, ովքեր մշտապես պատեհ առիթ են փնտրում օգտակար քննարկումների, կառուցողական բանավեճերի և նպատակային հարցուպատասխանների համար. այս միջոցառումը ևս հնարավորություն ընձեռեց բոլորին անմիջական շփվել՝ անդրադառնալով մի շարք հարցերի ու խնդիրների, որոնք մշտապես դպրոցի ներկայացուցիչների հետաքրքրության կենտրոնում են: