Միջոցառմանը ներկա են եղել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը և այլոք:
Ողջունելով Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցներին և նշելով, որ 2011 թվականը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարվել է երիտասարդության տարի` Հրանուշ Հակոբյանը կարևորել է երիտասարդության դերը հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման և Սփյուռքի ներուժի համախմբման գործում:
Նշենք, որ «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրին մասնակցում է առաջնորդական հմտություններով օժտված, համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված 21-30 տարեկան սփյուռքահայ 24 երիտասարդ` 10 երկրից` ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Էստոնիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, ԱՄԷ և Սիրիա:
Այդ երիտասարդների թվում է նաեւ «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» Վրաստանի մասնաճյուղի անդամ Ռոբերտ Մեհրաբովը:
Ծրագրի նպատակն է` հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել Հայրենիքի հետ, ծանոթացնել ՀՀ պետական կառավարման համակարգին, երկրի ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, ազգային մշակույթին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության ներկայացուցիչների հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ:
Հիշեցնենք, որ ս/թ օգոստոսի 6-ին` «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի» շրջանակներում «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն»-ը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հավաք կլոր-սեղան»:
Հանդիպման շրջանակներում` Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները կներկայացնեն իրենց կառույցն ու գործունեությունը, կարող են հանդես գալ սփյուռքի կազմակերպությունների հետ համագործակցության առաջարկներով: